Ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,- գրել է նա:
Ուորլիքը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կատարած իր այցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները կժամանեն Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հունիսի 10-ին, Երեւանում հանդիպել է Բաքվում եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ:
Ապրիլի 30-ին, նա կրկին անդրադարձել էր Բաքվում եվրոպական խաղերին՝ նշելով. «Մենք հուսով ենք, որ Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր- 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն»:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւան է ժամանել հունիսի 9-ի երեկոյան:





























