Հունիսի 10-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձեւավորված խմբի անդրանիկ նիստը։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով մասնակիցներին եւ կարեւորելով խմբի առաքելությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական համագործակցության խթանման գործում: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, հայ-շվեդական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Բարեկամության խմբի մեջ ընդգրկված են Շվեդիայի օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների անդամներ։ Խումբը գլխավորում է խորհրդարանի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Իսաբել Դինգիզյանը, իսկ տեղակալի պաշտոնը կստանձնի Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանս Լինդեն: