ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով  քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում  քննվում է քրեական գործ՝ քաղաքացի Հ.Ներսիսյանի կողմից «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում 2003-2013թթ. աշխատելու ժամանակահատվածում խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Նկատի ունենալով, որ քրեական գործով կարեւոր ապացուցողական նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր եւ առարկաներ կարող են գտնվել Հ.Ներսիսյանի բնակության վայրում՝ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Հ.Ներսիսյանի եւ նրա կնոջ բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություններ կատարելու վերաբերյալ։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ հունիսի 9-ին քննիչը, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել է խուզարկության կատարումը։ Բնակարանում եւ օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ.Ներսիսյանը եւ որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան եւ խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեեւ նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Վերջիններս չեն ենթարկվել քննիչի օրինական պահանջներին, որի հետեւանքով հնարավոր չի եղել իրականացնել խուզարկությունը։

Յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, եւ այն անջատվել առանձին վարույթ։

Կատարվում է նախաքննություն: