Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն այս տարի արդեն 128 ահազանգ է ստացել բնակելի տարածքներում օձեր հայտնաբերելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
«Ահազանգերից 50 տոկոսը Երեւանից են եղել, մյուսները՝ մարզերից։ Դրանցից միայն 69-ի դեպքում են օձերը հայտնաբերվել, տեղափոխվել անվտանգ տարածք, այնուհետեւ բաց թողնվել»,- ասաց նա։
Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ փակ տարածքներում օձ տեսնելու դեպքում պետք է անմիջապես ահազանգել ՏԿԱԻՆ եւ օձին ինքնուրույն բռնելու փորձեր չանել։
«Եթե օձ եք նկատել, պետք է բացել, կամ փակել տան դռները, և իսկույն զանգահարել 911, եթե իհարկե տարածքում չկան մասնագետներ, որոնք կարող են բռնել օձին։ Ոչ մի դեպքում նրան մի փորձեք վախեցնել, անկյուն տանել, այլապես վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է»,- ասաց մասնագետը՝ նշելով, որ եթե օձը տեսադաշտից կորել է ու մտավախություն կա, որ դեռ տանն է, ապա պետք է լքել բնակարանը եւ չփնտրել նրան. օձերը թաքնվելու հարցում մեծ վարպետներ են։
Նշենք, որ Հայաստանում կա 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են 4-ը։ 4-ից երեքը հայկական իժերն են, որոնցից երկու տեսակին կարելի է հանդիպել 1800 մետր բարձրության վրա, մյուսին՝ նախալեռնային տարածքներում։ Մարդիկ ավելի հաճախ հանդիպում են գյուրզա տեսակի օձերի։





























