Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է լավացնել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ, սակայն դա նրա վրա էժան չի նստում։ Մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով հնչող սուր քննադատությունը խանգարում է դրան։ Այս մասին գրում է ավստրիական Die Presse պարբերականը՝ անդրադառնալով այս ուրբաթ Բաքվում մեկնարկող Եվրոպակաան մարզական խաղերին։

Եվրոպացիների համար այս մարզական խաղերը մեծ տոն կլինեին, եթե Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումներն  ու սուր քննադատությունը չմթագնեին դրանք։ Ադրբեջանը 2012թ. Եվրատեսիլ երգի մրցույթից հետո փորձում է 2-րդ անգամ մեծ բեմ բարձրանալ։  Բայց հիմա այդ մեծ իրադարձության վրա ստվեր է նետում Բաքվի հրահրած նոր դիվանագիտական սկանդալը, եւ կառավարության հասցեին հնչող քննադատությունն ավելի բարձր է դառնում, շարունակում է թերթը։ 

Ադրբեջանը մի քանի օր առաջ հանկարծակի որոշում էր կայացրել փակել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը։ Այդ որոշումը շատ անսպասելի էր կազմակերպության համար։ Վիեննայում ԵԱՀԿ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք խորապես հիասթափված են Բաքվի այդ որոշումից, քանի որ դա գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը գնալով ավելի քիչ է հարգում մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման հարցում իր ստանձնած միջազգային պարտավորությունները։

Դիվանագիտական այս ճգնաժամի պատճառը ակտիվիստների եւ քննադատների նկատմամբ նախագահ Ալիեւի կոշտ քաղաքականությունն է։ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունները անցյալ շաբաթ կոչ էին արել բոյկոտել Բաքվի Եվրոպական խաղերը, քանի դեռ ազատության մեջ չեն հայտնվել ընդդիմադիրները, լրագրողները, ակտիվիստները եւ իրավապաշտպանները։ Այդ կապակցությամբ նույնիսկ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ սպորտի հարցերով հատուկ ներկայացւոցիչ Վիլլի Լեմկեն հայտարարել էր, որ Ադրբեջանն անկասկած բռնապետական երկիր է։

Բաքուն նման բաներ լսել չէր ցանկանում եւ շատ զգայական արձագանք տվեց՝ արգելելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության  ներկայացուցիչներին ներկա գտնվել Եվրոպական խաղերին։ Արտասահմանից հնչող այս ձայները հողին են հավասարեցնում Ադրբեջանի կառավարության ջանքերը, պնդում է ավստրիական պարբերականը։

Այն ժամանակ, երբ Ալիեւը տանը պինդ ձգած է պահում սեփական  քաղաքացիների սանձերը, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում փորձում է իր ռեժիմի հեղինակությունը բարձր պահել։ Ադրբեջանցիները արեւմտյան քաղաքական գործիչներին համար «ճանաչողական էքսկուրսիաներ» են կազմակերպում դեպի Բաքու, որտեղից նրանք տուն են վերադառնում  մետաքսե գորգերով եւ այլ թանկարժեք նվերներով ու սկսում են լոբբինգով զբաղվել՝ անտեսելով մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշները։ Ադրբեջանցիների համար այդ PR-ը կարեւոր է սեփական երկրում ընդդիմությանը լռեցնելու, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միավորներ շահելու եւ մի շարք առումներով։ Վերջին տարիներին Ադրբեջանը խավիարային դիվանագիտության համար հսկայական գումարներ է ծախսել։ Ալիեւի ռեժիմը մշտապես ամեն անկյունից սպառնալիք է տեսնում անգամ երիտասարդների կողմից, որոնք ինտերնետում բլոգ են վարում։

Ալիեւի խավիարային դիվանագիտությունն ազդում է, սակայն միայն այնքան ժամանակ, քանի դեռ Արեւմուտքը դա թույլ է տալիս։  Ովքեր թքած ունեն մարդու իրավունքների վրա կամ ավելի վատ՝ թշնամաբար են վերաբերում այդ իրավունքների գոյությանը, նրանց համար ավտորիտար ռեժիմների կողմից քաղաքացիներին պատանդ վերցնելու հանգամանքը բացարձակ չի հուզում, եզրափակում է թերթը։