«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի եւ  բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի գործով դատաքննությունը 2 ամիս է՝ ինչ հետաձգվում է: Մեր տեղեկություններով՝ դատաքննությունը հետաձգվում է տարբեր պատճառաբանություններով, կամ կողմերից մեկը չի ներկայանում, կամ փաստաբանն է  միջնորդություն ներկայացնում: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում պատրաստվում են ամբաստանյալների մեղադրանքի փոփոխություն կատարել, այն ավելի խստացնել: Այժմ նրանք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման, խարդախության, փաստաթղթերի կեղծման մեջ:

Այս գործով անցնում է նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը, որն այժմ գտնվում է արտերկրում: Սուրեն Գաբրիելյանի մասով գործի քննությունը կասեցված է, քանի որ նա փախուստի մեջ է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արա Կիրակոսյանը Մելիք Եսայանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ. Նազիֆի, ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանի, Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի եւ ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել են հափշտակություն:

Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը նշված անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը»: