«Համահունական մարտական ճակատ» կոմունիստական արհմիության ակտիվիստներն այսօր՝ հունիսի 11-ին, գրավել են Հունաստանի ֆինանսների նախարարության շենքը: Նրանք բողոքում են կառավարության տնտեսման քաղաքականության եւ երկրի միջազգային վարկատուների գործողությունների դեմ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Dpa գործակալության փոխանցմամբ, մոտ 200 մարդ ներխուժել է Աթենքի կենտրոնում գտնվող ֆիննախի շենք: Հունական Enikos պարբերականը հաղորդում է, որ ակտիվիստները բարձրացել են շենքի տանիք եւ հսկայական պաստառ են կախել, որի վրա գրված է. «Բավական է արյուն հեղել, բավական է վճարել», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսօր երեկոյան Աթենքում արհմիությունների կոչով տեղի կունենա պետծառայողների հանրահավաքը, որոնք իրենց բողոքը կհայտնեն Ալեքսիս Ցիպրասի կառավարության քաղաքականության դեմ: Այն կսկսվի Երեւանի ժամանակով 21.30-ին: