Հայտնի է, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանի ֆիզիկական անձանց մասնավոր դրամական փոխանցումները կրճատվել են գրեթե 162.1 մլն դոլարով կամ ավելի քան մեկ երրորդով: Հայտնի է նաեւ, որ այդ անկումն ուղղակիորեն կապված է Ռուսաստանում տիրող անբարենպաստ իրավիճակի հետ, որտեղից էլ գալիս է մեր մասնավոր դրամական փոխանցումների առյուծի բաժինը:
Իրավիճակի վրա բացասաբար են ազդել նաեւ այդ երկիր աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումները: Արդյունքում, Ռուսաստանից փոխանցումների հոսքը հունվար-փետրվարին կրճատվել է 157.9 մլն դոլարով կամ 42.4%-ով, իսկ ընդհանուր ցուցանիշում այդ երկրի մասնաբաժինը 80.3%-ից նվազել է մինչեւ 71.1%-ի:
Ի՞նչ հետեւանքներ է ունեցել դրամական փոխանցումների կրճատումը: Նախ դիտարկենք ռուսական տրանսֆերտների փոփոխությունները, որոնք էլ նախանշել են վերոնշյալ անկումը: Պայմանականորեն ընդունենք, որ Ռուսաստանից բոլոր փոխանցումներն իրականացվում են դոլարով (չնայած իրականում ռուբլի է փոխանցվում):
Ռուսաստանում, եթե ռուբլին դոլարի վերածենք, ամերիկյան արժույթը մեկուկես անգամ ավելի քիչ կստացվի, քան մեկ տարի առաջ: Հայաստանում դոլարի համար «ընդամենը» 15.7%-ով ավելի դրամ կստանանք:
Ավելի պարզ ասած՝ ռուսական ռուբլու նույն գումարի դիմաց, «ռուբլի-դոլար-դրամ» փոխանակման սխեմայով, մեր քաղաքացիները ներկայում գրեթե 1.3 անգամ ավելի պակաս դրամ են ստանում, քան մեկ տարի առաջ: Վնաս են կրում նաեւ ռուսական արժույթով փոխանցումներ ստացողները՝ Հայաստանում ռուբլու «թուլացման» պատճառով:
Արդյունքում, հունվար-ապրիլին դրամական փոխանցումները, մեր ազգային արժույթով հաշվարկելով, տարեկան կտրվածքով կրճատվել են 47.2 մլրդ դրամով կամ 24.7%-ով: Այսինքն՝ գրեթե մեկ քառորդով:
Նույն ժամանակահատվածում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ գներում կրճատվել են 9.9 մլրդ դրամով կամ 2.6%-ով: Ըստ էության, դա խոսում է Հայաստանի բնակչության ընթացիկ ծախսերի կրճատման մասին: Իսկ ավելի հստակ՝ մեր հասարակության այն հատվածի, որի եկամտի աղբյուրներից մեկն արտերկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից դրամական փոխանցումներն են:






























