Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է հունիսի 2-ին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ կողմերն անցել են դատական վիճաբանությունների փուլին: Դատախազը ժամկետ է ուզել` ճառը պատրաստելու համար, որի կապակցությամբ նիստը հետաձգվել է մինչեւ հաջորդ չորեքշաբթի օր, ժամը 12.00-ն:  Փաստաբանն ասաց նաեւ, որ վերջին դատական նիստում ընթերցվել է  ԱԱԾ-ի գրությունը՝ կապված գաղտնալսումների հետ: «ԱԱԾ-ն, փոխանակ դատարանի հարցին պատասխաներ, թե կոնկրետ ինչու չի կատարվել գաղտնալսումը եւ ձայնագրությունը, գրել է, որ չի կատարվել տեխնիկական պատճառնելով, ինչը առանց այդ էլ դատարանին հայտնի էր»,-ասաց Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ ուղարկված դիմումին, փաստաբանն ասաց, որ իրենց դիմումը գրանցվել է, այսպես կոչված` նախնական փուլը՝ ձեւաթղթի լրացման պահանջների պահպանված լինելու վերաբերյալ անցել են: Որոշ  ժամանակ անց կորոշվի` ընդունելիության չափանիշներին համապատասխանում է արդյոք մեր դիմումը, թե ոչ: Եթե որոշվի, որ համապատասխանում է` դիմումը ուղարկվում է ՀՀ կառավարությանը եւ առաջադրվում են հարցեր: Այդ պահից սկսած սկսվում է գրագրություն նաեւ իրենց հետ. Կառավարության պատասխանը ՄԻԵԴ-ից ուղարկվում է իրենց, իրենք մեկնաբանում, ուղարկում են ՄԻԵԴ: Գրագրությունների ավատրից հետո կայացվում է վճիռ: Հայկ Ալումյանը քիչ հավանական է համարում, որ այդ ամենը լինի այս տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: