«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը:

«Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի, որ 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության խախտում է եղել եւ գործը հետ կուղարկի Վճռաբեկ դատարան»,-ասաց նա:

Նշենք, որ հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սիրահարների այգում զրուցել էր Անահիտ Առուշանյանի հետ եւ խոստացել նրանց ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումից հետո: Սակայն, նախագահը մինչեւ հիմա Առուշանյաններին չի ընդունել: Առուշանյաններնա ռայժմ դադարեցրել են բողոքի ակցիաները եւ սպասում են նախագահի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Վճռաբեկ դատարանը գործի վարույթ չի ընդունել: