10 տարի է անցել այն ժամանակից, երբ «System of a Down» խումբը թողարկել է իր վերջին ալբոմը, եւ ամեն ինչ խաղաղ էր, մինչեւ 2010 թվականից սկսած 4-ամյա դադարից հետո ծանր ռոքի հավակնոտ քառյակը վերադարձավ: Սակայն սպասմանը շուտով կարող է վերջ դրվել: Այս մասին գրում է ամերիկյան «The Oakland Press» պարբերականը:
«Մենք ցանկանում ենք համերգային շրջագայությունից հետո միասին հավաքվել՝ երգեր գրելու մասին խոսելու համար, բայց ո՞վ գիտե»,- գրել է թմբկահար Ջոն Դոլմայանը: Ներկայում խմբի ուշադրությունը կենտրոնացած է «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգային շրջագայության վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Բայց ո՞վ գիտե: Հնարավոր է՝ այս շրջագայության ժամանակ տեղի կունենա մի բան, որը նոր երգերի համար ներշնչանք կդառնա: Ամեն ինչ կարող է ձեզ զարմացնել»,- հավելել է նա:
Դոլմայանի եւ նրա ընկերների համար այս շրջագայությունը «դուրս է գալիս երաժշտության շրջանակներից»: «Դա ավելի կարեւոր է, քան «System of a Down» -ի հաջորդ ալբոմը: Դա այն է, ինչը հեռուն է գնում, եւ դա իրականում ավելին է, քան Հայոց ցեղասպանությունը: Դա գլոբալ հարց է»,- նշել է երաժիշտը:
Այդ հարցում «System of a Down» խումբը, 1994 թվականին ձեւավորվելուց ի վեր, առաջնագծում է եղել, եւ խմբի արշավը մեծ կշիռ ունի՝ 5 պլատինե ալբոմների հաջողության շնորհիվ:
Խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի կարծիքով, դա եւս մեկ հնարավորություն է՝ խոսելու ոչ միայն Ցեղասպանության մասին եւ նպաստելու դրա միջազգային ճանաչմանը, այլեւ այն այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու: «Մեզ համար կարեւոր է փաստը, որ ցեղասպանությունն այսօր դեռեւս գոյություն ունի: Գոյություն չունի իրականացվող միջազգային համաձայնություն՝ անկախ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայից եւ ամբողջ աշխարհում գործող բազմաթիվ հատուկ հանձնաժողովներից: Չկա մի բան, որը բոլոր պետությունները ստորագրեին, եւ որն ասեր. երբ ցեղասպանություն է տեղի ունենում, բոլոր խաղադրույքները չեղարկվում են: Մեզ համար կարեւոր է ոչ միայն բարձրացնել տեղեկացվածությունը, այլեւ նպաստել այդ հարցում արդարությանը հասնելուն»,- պարզաբանել է Թանկյանը:





























