Հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց եթե դաշինքի անդամները չեն ցանկանում, որ իրենց բոլոր գործընկերները նրանց նման լինեն, ապա մի օր պետք է ամեն բան իրենց անուններով կոչեն։ Այս մասին հունիսի 11-ին՝ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատապարտել են այդ երեւույթը եւ գիտակցել են, որ դրանով ներդրում են կատարում նաեւ սեփական անվտանգության ոլորտում։ «Սակայն նույն այդ երկրները այս կամ այն պաշտոնական կոնֆերանսների զեկույցների ժամանակ փորձում են կոնկրետ անուններ չտալ։ 2-3 օր առաջ առաջին անգամ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարեց, որ Թուրքիան պետք է հասկանա իր քաղաքականությունը եւկ կառավարի իր սահմանները, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր ծայրահեղականները անցնում են Թուրքիայի սահմանով։ Կամ ո՞վ է ֆինանսավորում այդ խմբավորումը։ Ու՞ր է գնում գողացած նավթը։ Որտե՞ղ է վաճառվում այդ նավթը՝ Սիրիայու՞մ, Իրանու՞մ, Իրաքու՞մ, Իսրայելու՞մ, Հորդանանու՞մ։ Դա Թուրքիան է, մի՛ ամաչեք, տվեք անունը»,- կոչ արեց պատգամավորը։





























