Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հյուսիսատլանտյան բլոկին արեւելքից եւ հարավից սպառնացող մարտահրավերները։ Այս մասին հունիսի 11-ին՝ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը։

«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք հիմնականում քննարկելու ենք  արեւելքից եկող մարտահրավերները, որոնց թվում՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հարցը։ Միաժամանակ մենք պետք է բարձրացնենք նաեւ հարավի մարտահրավերների հարցը։ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում արմատական ահաբեկիչները սպառնում են մեր սահմաններին»,- նշեց նա։

Հարցին, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկո՞ւմ է որպես սպառնալիք, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարեց. «Մենք քննարկում ենք, թե ինչ մարտավարություն է պետք որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, եւ այս տեղին հնչած հարցին մենք դեռեւս պատասխան չունենք։ Այդ առավել մանրամասն կքննարկվի Վարշավայում հունիսի 28-ին կայանալիք գագաթնաժողովում»։