Հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող առաջին Եվրոպական խաղերը քննադատության առիթ են դարձել գերմանական մամուլում: Տարբեր քաղաքական գործիչներ եւ իշխանությունների ներկայացուցներ զգուշացնում են՝ բռնապետական Ադրբեջանը խաղերը փորձելու է ծառայեցնելու սեփական շահերին:
«Die Welt» պարբերականը հունիսի յոթի իր համարում հոդված է հրապարակել Բաքվում անցկացվելիք առաջին եվրոպական խաղերի մասին:
Թերթի սպորտային մեկնաբան Յենս Հունգերմանը «Բռնակալն ու խաղերը» իր հոդվածում ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր նավթամիլիարդների միջոցով փորձում կոծկել հասարակական խնդիրները: Ըստ հեղինակի՝ խաղերին մասնակից մարզիկները գործիք դառնալու մտավախություն ունեն:
Հոդվածագրի համար լուրջ հարց է, թե ինչու է սպորտը, այս դեպքում՝ Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների միությունն ընկնում ավտոտրիտար ռեժիմի վիզը, որը ճնշում է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, ծաղկում կոռուպցիայի հաշվին, բանտարկում կառավարության քննադատներին:
Հունգերմանը, այսպիսով, ահազանգում է, որ Բաքվի՝ վեց միլիարդ արժեք ունեցող խաղերը սպառնում են քարոզչա-մարզական տոն դառնալ: Ըստ նրա՝ Եվրոպական խաղերը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի համապարփակ, երկար տարիների կտրվածքով մշակված վարկանշային արշավի մի մասն են:
Հունգերմանը ներկայացնում է նաեւ թեմայի շուրջ Գերմանիայի սպորտային քաղաքականության մի քանի ներկայացուցիչների կարծիքները: Մասնավորապես, Գերմանիայի օլիմպիական սպորտային միության վարչության նախագահ Միխայել Վեսպերը լավ գիտի Ադրբեջանի քաղաքական դրությունը, մտահոգված է, սակայն կարծում է, որ սպորտը չի կարող փոխել հասարակական համակարգերը:
Հոդվածում նշվում է նաեւ, որ խաղերի բացման օրը Բունդեսթագն անդրադառնալու է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Թեմայի շուրջ Կանաչների Դաշնային կառավարությանն ուղղված հարցումն ապրիլի 27-ից պատասխանի է սպասում: Ըստ խմբակցության՝ կառավարությունը փորձում է հարցման պատասխանը հետաձգել մինչեւ խաղերի ավարտ՝ դրանց վրա ստվեր չնետելու համար:
«Տուրք չտալ ռեժիմի սիրենայի երգերին»
Նույն թեմային անդրադարձել է նաեւ «Deutschlandradio»-ն հունիսի 7-ի իր թողարկման ժամանակ: Գյունթեր Հերքելը ներկայացնում է, որ Գերմանիայից 270 մարզիկ են մասնակցելու Բաքվի եվրոպական խաղերին: Քննադատների կարծիքով՝ խաղերը ամենից առաջ ռեպրեսիվ ռեժիմի քարոզչությանն են ծառայում: Հեղինակն այստեղ հիշեցնում է նույն նպատակին ծառայած «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
Հաղորդման ընթացքում ադրբեջանցի լրագրող Իլդակ Աբասովը, ով փախել է հայրենիքում իր դեմ հրահրված հետապնդումներից եւ ապաստան գտել Նորվեգիայում, ներկայացնում է, թե ինչ վատ վիճակում են Ադրբեջանում մամուլն ու խոսքի ազատությունը:
Ըստ տեղեկությունների, ԶԼՄ-ների ընտրված ներկայացուցիչներ շռայլ հրավերներ են ստացել Բաքվից: «Neue Zürcher Zeitung»-ի եւ «tagesschau.de»-ի համար Բաքու մեկնող ազատ լրագրող Սիլվիա Շթյոբերն ասում է՝ ես ոչ մի դեպքում հրավերներ չեմ ընդունելու: Նա զգուշացնում է իր գործընկերներին տուրք չտալ ադրբեջանական ռեժիմի «սիրենայի երգերին»:
«Deutschlandfunk»-ը եւս «Մի հանցագործ ռեժիմ» իր ռադիոհաղորդման ընթացքում պատմում է «աշխարհի ամենահակաժողովրդավարական երկրներից՝ մեկում» Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի մասին: Հեղինակ Ռոբերտ Քեմփեն եւս հիշեցնում է Եվրատեսիլ 2012-ի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք Ալիեւը դաժան կերպով լռեցրեց:
Ադրբեջանից փախած կառավարության քննադատ Էմին Միլին ասում է, որ Եվրոպական խաղերին ռեժիմն ավելի լուրջ է պատրաստվել: Հեղինակ Քեմփեն պատմում է նաեւ Ալեւի ընտանիքի կարողության մասին, որը նա նավթի եւ գազի շնորհիվ է դիզել. «Իր խաղերի համար Ալիեւը հոգում է բոլոր թիմերի ճամփորդության եւ կեցության հետ կապված ծախսերը»:





























