Եթե ՌԴ Պետդումայի պատգամավորը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հետ հանձնել Ադրբեջանին, ապա թող փորձի գալ եւ վերցնել։ Այս մասին հունիսի 12-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության միջկառավարական խմբի համանախագահ, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւի հայտարարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ (ռուսական մամուլում եւ Սավելեւի անձնական կայքում նման հայտարարություն չի հրապարակվել) Սավելեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մաս կազմող 7 շրջանները պետք է հանձնել Ադրբեջանին։
«Այս հայտարարությունն ու Սավելեւի դիրքորոշումը մեզ համար զրոյական արժեք ունեն»,- հայտարարեց Վարդանյանը։





























