«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալ, մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը իրեն մեղավոր չի համարում իրեն առաջադրված մեղադրանքում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի Արաբկիրի եւ Քանաքեռ Զեյթուն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը՝ հրաժարվելով վերջին խոսքի իրավունքից:

«Աշխարհիս երեսին տենց  մասնագիտական գրականություն չկա, որը կապացուցի, որ ես սխալ ախտորոշում եմ արել: Ես ամեն ինչ ճիշտ եմ արել, ոչ մի սխալ թույլ չեմ տվել: Ես առաջին բուժօգնություն եմ ցուցաբերել եւ դրական արդյունք եմ գրանցել: Մնացածը թող մյուս օրերի բժիշկները ասեն, ես ոչ մի բանում մեղավոր չեմ»,-ասաց ամբաստանյալը:

Լիլիթ Վարդանյանը նշեց, որ վերջին խոսքի իրավունքից չի օգտվում, քանի որ իր խոսքերը չեն կարող ազդել դատարանի վճռի վրա:

«Այս դատավարության ընթացքում ես տեսա, թե ինչքան ապօրինի քայլեր են թույլ տրվել եւ դատարանի կողմից էլ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվել»,-ասաց Լիլիթ Վարդանյանը:

Նշենք, որ գործով մյուս ամբաստանյալ Զարինե Այվազյանը նույնպես հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից:

Դատաքննությունը ավարտվեց, դատարանը վճիռը կհրապարակի հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: