Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բոլոր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցնի իր գործունեությունը, քանի որ համանախագահների առաջարկները այլեւս չեն գոհացնում եւ շահավետ չեն Բաքվի համար։ Այս մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ Ալիեւին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի քննարկումները տեղափոխել այլ մարմիններ։

Փորձագետի խոսքով՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը անմիջական կապ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանական իշխանությունները ամենասկզբից չէին ցանկանում ԵԱՀԿ գրասենյակին  նման բարձր կարգավիճակ տալ, ինչպիսին որ այն ունի Երեւանում։ «Ո՞րն է Իլհամ Ալիեւի նպատակը։ Նա ցանկանում է ոչ միայն բացառել այդ կազմակերպության գործունեությունն իր երկրում։ Նա հայտնվել է այնպիսի մարազմատիկ իրավիճակում, երբ արդեն կարծում է, թե աշխարհն իր դեմ դավադրություն է կազմակերպել, նա իր իշխանությանը սպառնացող վտանգ է տեսնում, քանի որ գիտակցում է, թե որքան է հեռացել իր պարտականությունների կատարումից։ Ալիեւը շանտաժի քաղաքականություն է վարում։ Ադրբեջանը պաշտոնապես մեղադրում է միջազգային կազմակերպություններին այն  բանում, որ նրանք թքած ունեն Ադրբեջանի «վշտի» վրա, եւ որ չեն զբաղվում ղարաբաղյան հակամարտությամբ։ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելով՝ Ադրբեջանը շարունակում է շանտաժի քաղաքականությունը։

Ալիեւը փորձում է անել ամեն բան, որպեսզի տարածաշրջանում թուլացնի ԵԱՀԿ ազդեցությունը։ Շանտաժից բացի, այս քայլն ուղղված է նրան, որպեսզի հնարավորինս դուրս գա միջազգային հսկողությունից։ Սակայան, իհարկե, Ալիեւն այդքան միամիտ չէ, որ չհասկանա, որ չի կարող հանել պատերազմ սկսելը միջազգային  կերպով լեգիտիմացնելուն»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ Բաքվի Եվրոպական խաղերից հետո շփման գծում իրավիճակը կվատանա։