ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը 2016թ. ֆինանսական տարվա պետական բյուջեի իր տարբերակում չի նշել Կովկասյան երկրներին հատկացվող օգնության չափը, այնպես որ հիմա առանցքային դեր են խաղալու Սենատի քննարկումները։ Այս մասին NEWS.am –ը տեղեկանում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը 2016թ. ֆինանսական տարվա պետական բյուջեի իր տարբերակն ընդունել է մի շարք փոփոխությունների քննարկումներից հետո, որոնք, բացի մեկից, մերժվել են։ Օրինագծին կից զեկույցի նախագծում հանձնաժողովի անդամները նշել են Իրաքին, Հորդանանին, Լիբանանին եւ Թուրքիային ֆինանսավորելը շարունակելու մասին, քանի որ այդ երկրները սիրիացի փախստականներին տեղավորելու խնդիր ունեն։ Օրինագծում Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանին եւ Վրաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափերի մասին կոնկրետ հիշատակում չկա, թեեւ նախատեսվում է Վրաստանին 20 մլն դոլար հատկացնել որպես ռազմական օգնություն։ Փաստաթուղթն աջակցում է Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը սահմանափակելու առաջարկը, որը հիմնված է 1992թ. ընդունած օրենքի վրա, որով դատապարվում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ դրսեւորված ագրեսիան։
ԱՄՆ Սենատում օրինագծի քննարկումը պետք է սկսվի հուլիսի սկզբին։
Նշենք, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը փորձում է հասնել Հայատանին առնվազն 40 մլն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին 5 մլն դոլարի օգնություն տրամադրելուն, ինչպես նաեւ հասնել նրան, որպեսզի Ադրբեջանին ռազմական օգնություն չցուցաբերվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին՝ հետ քաշել դիպուկահարներին, վերջ դնել ագրեսիային, հրաժարվել բռնությունից եւ պարտավորություն ստանձնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը ուշադրություն է հրավիրում Սիրիայի հայկական, ասորական համայնքներին հատկացվող օգնության վրա, ինչպես նաեւ խնդրում է օգնել Հայաստանին հազարավոր սիրիահայ փախստականներին ընդունելու գործում։ Կազմակերպությունը նաեւ պահանջում է, որպեսզի Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը օգտագործվի Ջավախքում աշխատատեղեր բացելու համար։





























