Հայաստանի իշխանությունները դիմել են ընտրակաշառքների՝ պայմանավորվելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ դուրս գրել նրանց էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ 2011-13 թվականներին «ՀԷՑ»-ը քաղաքացիներից 3 մլրդ դրամի դեբիտորական պարտք է կուտակել: Այդ պարտքերը հետագայում դուրս են գրվել:
«Ի՞նչ է նշանակում քաղաքացիների դեբիտորական պարտքերը. նշանակում է բաժանորդների չվճարած հաշիվներ: Բայց ինչպե՞ս կարելի է չվճարել լույսի համար, եւ այնպես, որ լույսը չանջատեն: Դա անհնար է բացի մի դեպքից. Եթե դուք խոստանաք, որ փոխարենը քվեարկելու եք իշխող կուսակցության օգտին»,-հայտարարել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով՝ դառնալով 48.82 դրամ:





























