ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:

Հանրապետության նախագահը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նշանակալից ամսաթիվն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-մշակութային եւ հասարակական կյանքի խորքային փոխակերպումների հետ: Սերժ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների փոխհարաբերությունների խորը արմատներն այսօր ապահովում են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, եղբայրության եւ փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների հիման վրա: Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գծով արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ խորացված կոորդինացիան ամբողջովին համապատասխանում են երկու երկրների եւ քաղաքացիների արմատական շահերին: Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Նախագահին տոնի առթիվ մաղթել է քաջառողջություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ իր պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ երջանկություն եւ բարգավաճում:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ տոնը կապված է Ռուսաստանի պետականության բոլոր ոլորտների համակարգային փոխակերպումների, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի եւ տեղի առավել ամրապնդման հետ: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են՝ ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ: