Գյումրիում ապրիլի 18-ին դաժանաբար սպանված մոր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին գործով դեռեւս մեղադրյալ կամ կասկածյալ չկա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով:





























