Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր միայն ԱԺ նիստերի դահլիճում է հարցերի պատասխանում։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հրավիրվախ խորհրդարանական լսումների ընդմիջմանը լրագրողները Զախարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորումները սակագինը 6.93 դրամով բարձրացնելու վերաբերյալ, նախարարն արձագանքեց. «Այսօր միայն նիստերի դահլիճում եմ հարցերի պատասխանում»։
Դիտարկմանը, թե լրագրողները դահլիճ մտնելու եւ հարցեր ուղղելու իրավասություն չունեն, էներգետիկայի նախարարը ոչինչ չասաց եւ հեռացավ։
Նշենք, որ խորհրդարանում հրավիրված լսումներին չի եկել «ՀԷՑ»-ի տնօրեն Եվգենի Բիբինը։
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։




























