«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Բիբինը թույլ է տալիս իրեն մոլորեցնել հանրությանը: Այդ մասին, այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
«Նա ասում է, որ բազմիցս հայտարարել է դժվարությունների մասին, բայց ոչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոչ կառավարությունը ոչ մի բան չեն արել: Պարոն Բիբինը ստում է», - հայտարարել է Նազարյանը:
Համաձայն սակագնի հաշվարկման գործող մեթոդի՝ ընթացիկ ռիսկերն իր վրա է վերցնում «ՀԷՑ»-ը, բայց 2014թ-ը ոչ միայն սակավաջուր էր, այլեւ բացառիկ էր վերջին 10 տարվա ընթացքում եւ մենք բարձրացրինք սակագինը, հավելել է Նազարյանը:
«Իսկ հետո ասել ենք՝ կփակենք նաեւ նախկին 3 տարում կրած վնասները, բայց եթե շահույթ լինի՝ կփակես ինքդ: Միթե դա ընդառաջ քայլ չէ», - հայտարարել է Նազարյանը:
Նշենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բարձրացնել բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը 6,93 դրամով 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Բնակչության համար ներկայիս ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ 1կվտ/ժ-ի համար:





























