Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում «աղքատների» թիվն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացել է 3.1 մլն-ով՝ կազմելով 22.9 մլն մարդ: Արդյունքում, բնակչության ընդհանուր թվում «աղքատների» մասնաբաժինը հասել է 15.9%-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 2.1 տոկոսային կետով:

Մեզ մոտ աղքատության սահմանման մոտեցումները տարբերվում են. Հայաստանում որպես չափանիշ է ծառայում նվազագույն սպառողական զամբյուղը, մեր հարեւանի մոտ՝ նվազագույն կենսապահովումը: Իրականում, վերջինը նույնպես նվազագույն զամբյուղն է, որի արժեքին ավելանում են պարտադիր հարկերն ու վճարները:

Ռուսաստանի յուրաքանչյուր մարզ հաշվարկում է իր ցուցանիշը՝ ելնելով տեղական գներից: Դիտարկենք, օրինակ, Կրասնոդարի երկրամասի ցուցանիշները: Այստեղ նվազագույն կենսապահովումը, առաջին եռամսյակում կազմելով 9.223 ռուբլի՝ մեկ շնչի համար, տարեկան կտրվածքով ավելացել է 1.802 ռուբլիով (կամ 24.3%-ով): Այսինքն՝ աղքատության սահմանման շեմը բազային մեծությունից ավելացել է գրեթե մեկ քառորդով:

Նշված նվազագույն կենսապահովման արժեքը ռուբլիից դրամ դարձնել՝ Հայաստանում այդ արժույթի փոխարժեքով: Արդյունքն այսպիսին է. Կրասնոդարի երկրամասի ցուցանիշե մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե 16.800 դրամով (լամ շուրջ 20%-ով): Առաջին հայացքից պարադոքս թվացող այս երեւույթը բացատրվում է Հայաստանում ռուբլու կտրուկ թուլացմամբ. նշված ժամանակահատվածում՝ ավելի քան մեկուկես անգամ:

Հետագա համեմատությունների համար օգտագործենք, օրինակ, տավարի մսի մանրածախ գինը: Եվ այսպես. Կրասնոդարի երկրամասում նվազագույն կենսապահովումը հավասար է 33 կգ տավարի մսի (մեկ տարի առաջ՝ 32 կգ): Հայաստանում նույն սպառողական նվազագույն զամբյուղով կարելի է գնել 20 կգ-ից պակաս տավարի միս (մեկ տարի առաջ՝ նույնքան):

Հստակ համեմատության համար մեր «զամբյուղի» արժեքին ավելացնենք այդպիսի աշխատավարձի համար պարտադիր հարկերը: Այսինքն՝ Հայաստանի համար նվազագույն կենսապահովում կստանանք: Հաշվարկների համաձայն, մեր «նվազագույն կենսապահովումը» համապատասխանում է 26 կգ տավարի մսի արժեքին:

Ինչպես տեսնում ենք, այս տարբերակում Ռուսաստանի եւ Հայաստանի ցուցանիշների միջեւ տարբերությունը բարձր է՝ 1.2-1.3 անգամի սահմաններում: Ավելի պարզ ասած, եթե օգտագործենք բնակչության աղքատության ռուսական չափանիշները, ապա մեզ մոտ տասնյակ հազարավոր «ոչ աղքատ» ընտանիքներ մեխանիկորեն «աղքատի» կարգավիճակ կստանան: