NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «Foreign Policy» ամսագրի խմբագրի օգնական Իլյա Լոզովսկիի հոդվածը:
Ադրբեջանը տարիներ շարունակ թաքցնում է մարդու իրավունքների մռայլ իրավիճակը՝ Միացալ Նահանգներում իրեն ներկայացնելով որպես «ահաբեկչության դեմ պայքարի» հուսալի գործընկեր, Իսրայելի հավատարիմ ընկեր եւ էներգակիրների կարեւոր մատակարար: Բացի ավանդական դիվանագիտությունից, Բաքուն դա առաջ է մղում աշխարհի հետազոտական կենտրոններում, նահանգների օրենսդրական մարմիններում եւ Կոնգրեսի դահլիճներում ագրեսիվ լոբբինգի շնորհիվ: Ադրբեջանի կառավարության եւ ԱՄՆ-ում նրա լոբբիստների պարտադիր հաշվետվությունները ցույց են տալիս, որ միայն 2014 թվականին պետությունն ու նրա հավատարմատարներն այդ նպատակով, ընդհանուր առմամբ, առնվազն 4 մլն դոլար են ծախսել:
Բացահայտված ծախսերից ոչ մեկն անօրինական չէ, եւ բազմաթիվ երկրների կառավարություններ, այդ թվում՝ լիբերալ եւ դեմոկրատական, գնում են Վաշինգտոնում ազդեցությունը: Բայց այն, ինչին Կոնգրեսի սրահներում կարողացել են հասել ադրբեջանցիներն ու նրանց լոբբիստները, ապշեցնում է, հատկապես եթե հաշվի առնենք ռեժիմի իրական բնույթը:
Չնայած գովեստի հայտարարությունները Կոնգրեսում հրապարակային բնույթ են կրում, նման հռետորաբանության մեծ մասը մասնավոր միջոցառումների ժամանակ է արվում: Կոնգրեսի աշխատակիցը, որը չի ցանկացել բացահայտել անունը, պատմել է ադրբեջանական ռեժիմը սատարող ուժերի կողմից կազմակերպված ընդունելությունների մասին, օրինակ՝ Ամերիկայի ադրբեջանական ալյանսի: Այդ ընդունելությունների ժամանակ Կոնգրեսի 20 անդամներ «շարք են կանգնում բեմում»՝ սպասելով իրենց հերթին, որպեսզի գովաբանեն Ադրբեջանին տնտեսական հաջողությունների, ԱՄՆ-ի հետ գործընկերության եւ Իսրայելի հետ բարեկամության համար: Աշխատակցի խոսքով, չնայած հրապարակային հասանելի արձանագրությունների չկան, ադրբեջանական ուժերը սիրում են պարծենալ կրքոտ արձագանքներով, որոնք ռեժիմը ստանում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանցից, իսկ դրանց ընթերցումից մարդու սիրտ է խառնում:
Ադրբեջանցի ակտիվիստ Էմին Միլլին, որը կեղծ մեղադրանքով 17 ամիս բանտում է անցկացրել, վերջերս Միացյալ Նահանգներ է այցելել, որպեսզի իր ընկեր Հադիջա Իսմայլովայի՝ ներկայում բանտում գտնվող Ադրբեջանի գլխավոր անկախ լրագրողի փոխարեն ստանա մամուլի ազատության հեղինակավոր մրցանակը: Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվում ռեժիմի հասցեին ամերիկյան կոնգրեսականների կողմից նման գովասանքներից հետո, նա դժվարությամբ զսպեց զայրույթը. «Արդյունքը կործանարար է, քանի որ դուք ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ ունեք, որոնք հաստատում են մաֆիայի օրինականությունը: Գլխակերների օրինականությունը: Այն մարդկանց խմբի օրինականությունը, որոնք սպանում են, տանջում, բանտարկում՝ իրենց կարծիքն արտահայտելու»,- ասել է նա:
Աչքի է զարնում այն, որ Ադրբեջանի հանդեպ Կապիտոլիումի նրա ընկերների դրական վերաբերմունքը փոխադարձություն չի գտնում Բաքվի կողմից: 2014 թվականի դեկտեմբերին Ալիեւի վարչակազմի ղեկավարը հակաամերիկյան հոդված էր հրապարակել՝ Վաշինգտոնին մեղադրելով ժողովրդավարության առաջընթացի անվան տակ հեղափոխություն հրահրելու մեջ:





























