Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հոլոքոստի հիմնադրամը «IWitness» նախագծի շրջանակում ուսանողների եւ դասախոսների համար Հայոց ցեղասպանության թեմայով «քվեսթի» տեսքով նոր ինտերակտիվ տեղեկատվական ծրագիր է թողարկել:

Ըստ «Asbarez» պարբերականի, նախագիծն ուսանողներին ծանոթացնում է Հայոց ցեղասպանության համատեքստին եւ վերապրածների վկայություններով հոլովակներ է ներկայացնում տեղահանությունների, մահվան երթերի եւ հանցագործների մասին: Ուսանողները տարբեր առաջադրանքների համար ինտերակտիվ գործիքներ են օգտագործում, ինչպես նաեւ կարող են տեսակետներ ներկայացնել եւ կիսվել տպավորություններով:

Նշենք, որ ապրիլին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հոլոքոստի հիմնադրամը բացել է «Հայոց ցեղասպանությունը՝ վիզուալ պատմական արխիվում» թեմայով իր հավաքածուն: