Էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ թանկացման 4,42 դրամը «Հայաստանի էլեկտրացանցերի» պատճառով է։ Այս մասին հունիսի 12-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նշված գումարը կապված է ՀԷՑ-ում 2013-2014թ. կուտակված կորուստների հետ, քանի որ անհրաժեշտ է եղել ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից ՀԷԿ-երի եւ ԱԷԿ-ի կողմից արտադրության նվազման պատճառով (ՀԷԿերինը՝ անջրդի տարվա, ԱԷԿ-ինը՝ ձգձգված պլանային վերանորոգման պատճառով)։

Եւս 2,4 դրամը հայկական դրամի արժեզրկմամբ եւ այլ ծախսերի հետ է պայմանավորված։

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: