ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 12-ին արգելափակել է Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության իրականացման համար նախագահ Բարաք Օբամային առեւտրային հատուկ լիազորություններ տրամադրելու օրինագծերի փաթեթը։ Կոնգրեսականներն ընդունել են հիմնական օրենքը, սակայն մերժել են դրան կից՝ աշխատակիցներին օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, թեեւ նախագահն անձամբ էր եկել այդ փաթեթը պաշտպանելու։

Ինչպես փոխանցում է AFP-ն, այդ բաղադրիչը մերժելը ավտոմատ կերպով արգելափակել է ողջ փաթեթը։

Այդուհանդերձ քվեարկությունից անմիջապես հետո ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նորից առաջ քաշեց աշխատակիցներին օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, ինչը նշանակում է, որ այն կարող է նորից քննարկման դրվել, փոխանցում է «Փրայմ»-ը։

Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ վարչակազմը իրավունք կունենա առեւտրային համաձայնագրեր կնքել, որոնք Կոնգրեսը կարող է կամ ընդունել կամ մերժել, սակայն չի կարող փոփոխություններ մտցնել։Սպիտակ տունը հույս ունի այդ կերպ ձերբազատվել խաղաղօվկիանոսյան երկրների միջեւ առւետրային արգելքներից, քանի որ այդ երկրներին բաժին է հասնում համաշխարհային առեւտրի 1/3-ը, եւ համաշխարհային տնտեսության 40 տոկոսը։