ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը հուլիսի սկզբին կհայտարարի Կուբայի հետ դիվանագիտական հարաբերություններն ամբողությամբ վերականգնելու եւ Հավանայում դեսպանատուն բացելու վերաբերյալ համաձայնության ձեռք բերելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալության աղբյուրները հստակեցրել են, որ կողմերը հույս ունեն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կկարողանա այցելել Հավանա՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը: Նշվում է նաեւ, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման միջոցառումների հստակ գրաֆիկը չէր կազմվում Ջոն Քերրիի ոտքի վնասվածքի պատճառով, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն 2014-ի դեկտեմբերին հաստատել են 50 տարվա դադարից հետո դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու իրենց մտադրության մասին:
50 տարի անց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել Պանամայում այս տարվա ապրիլին:





























