Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը Facebook-ում հրապարակել է սահմանադրական բարեփոխումների սկզբունքները։
Փոփոխությունները հիմնված են 4 սկզբունքների վրա։ Առաջին հերթին, խոսքը տեղական ինքնակառավարման եռաստիճան համակարգի ստեղծման մասին է։ Բազային միավորը կլինի գյուղական կամ քաղաքային համայնքը, որը կունենա ամենամեծ լիազորությունները։
Առաջարկվում է նաեւ արձանագրել սուբսիդարության սկզբունքը, երբ հարցերը լուծվում են առավել էֆեկտիվ կերպով եւ տեղական իշխանությունների ֆինանսապես ինքնաբավ լինելու հաշվին։ Մեկ այլ սկզբունք է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություններ փոխանցելը պետության եւ ընտրազանգվածների կողմից վերահսկողության համակարգի հավասարակշռության պահպանման միջոցով։
2015թ. մարտին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման էր ստորագրել Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է Սահմանադրությունը կատարելագործելու առաջարկներ աներ։





























