Ուկրաինացիների մեծամասնությունը (61,8 տոկոս) անհրաժեշտ է համարում ռազմական գործողությունների դադարեցումը Դոնբասում, եթե նույնիսկ դրա համար պետք լինի հրաժարվել ՌԴ կողմից օկուպացված տարածքներից:
Միաժամանակ Ուկրաինայի բնակչության 22,9 տոկոսը կողմ է ռազմական գործողությունները շարունակելուն մինչեւ այդ տարածքների վերջնական ազատագրումը: Նման տվյալներ է ներկայացրել «Սոֆիա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը:
Հարցվածների բացարձակ մեծամասնությունը (70 տոկոս) անընդունելի է համարում այսպես կոչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը եւ «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի ճանաչումը», հաղորդում է «Զերկալո Նեդելի»-ն:
Սակայն ուկրաինացիների 45,2 տոկոսը հնարավոր է համարում որոշակի զիջումների գնալ բանակցություններում՝ Դոնբասում պատերազմը դադարեցնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Իր հերթին, հարցվածների 38,6 տոկոսը նշում է, որ նման զիջումների չի կարելի գնալ:





























