Բաքվում գունեղ հանդիսությունները չպետք է ոչ մեկին կուրացնեն՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում վատթարացող իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսի կողմից ստեղծված Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (հայտնի է նաեւ որպես ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) նախագահ Քրիս Սմիթը:

Բաքվում Եվրոպական խաաղերի բացման առթիվ իր հայտարարության մեջ նա նշել է, որ ցավալի է, որ եվրոպական օլիմպիական կոմիտեները չեն պահանջում ընդունող երկրի կառավարությունից լրջորեն վերաբերվել մարդու իրավունքներին:

«Վերջին երկու տարիներին կառավարությունը կտրուկ կրճատել է մամուլի ազատությունը: Նախորդ ամիս Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակումը ամիսներ տեւող արշավի գագաթնակետն էր, որի նպատակն էր լռեցնել երկրում մնացած վերջին ազատ լրատվամիջոցներից մեկը: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողական հետաքննություն իրականացնող թղթակից Հադիջա Իսմայլովան եւ շատ այլ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ կեղծ, քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով գտնվում են բանտում:

Վերջերս Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի միակողմանի փակումն ընդգծում է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների նկատմամբ Բաքվի արհամարհական վերաբերմունքը»,-ասել է Քրիս Սմիթը: