Պետությունը կարող էր մտահոգվել սոցիալապես անապահով բաժանորդների համար էլեկտրաէներգիայի գիշերային հաշվիչներ հատկացնելու հարցով: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Ներկայումս նման հաշվիչներն այնքան էլ տարածված չեն, այդպիսիք ունեն բաժանորդների միայն 30 տոկոսը, որոնց դեպքում գիշերային սպառումը կազմում է մոտ 20 տոկոս:
«Եթե պետությունը մտածի, որ անապահով ընտանիքներին կարելի է հնարավորություն տալ այդկերպ մի փոքր խնայել հոսանքի ծախսը, ապա սպասվող թանկացումը կարող է էլի մի փոքր մեղմել»,-ընդգծել է Չիլինգարյանը:
Նշենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բարձրացնել բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը 6,93 դրամով 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Բնակչության համար ներկայիս ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ 1կվտ/ժ-ի համար:




























