Ծիրանի արտահանման ծավալն այս տարի կգերազանցի նախորդ տարվա ծավալները: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, սակայն, որ գյուղմթերքի արտահանման ոլորտում դեռեւս խնդիրներ կան:
«Այսօրվա դրությամբ 150 տոննա ծիրան ենք արտահանել ինքնաթիռով, բայց մի երեք օրից արդեն կսկսվի մեքենաներով արտահանումը եւ մեծածավալ արտահանում կլինի: Անցած տարվա արտահանման ծավալները գերազանցելու է այս տարի, որովհետեւ այս տարի բերքն առատ է»,- ասաց գյուղնախարարը:
Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղացիները գյուղմթերք արտահանելիս վնասներ են կրում, քանի որ ծանոթ չեն արտահանման շուկային՝ խորհուրդ տալով նրանց համագործակցել գյուղնախարարության հետ, որը կապահովի նրանց համապատասխան խորհրդատվությամբ:
«Երբ անհատ տնտեսությունները իրենք են կազմակերպում արտահանումը, առանց շուկան ուսումնասիրելու բարձում են բերքը, տանում են դուրս եւ հաճախակի խնդիրներ են ունենում, շատ ծախսեր են անում, ապրանքը վաճառում են ծացր գնով եւ վնասով հետ են վերադառնում: Դրա համար շուկան պետք է ուսումնասիրվի: Այդ սկսնակներին մենք ինքներս խորհուրդ ենք տալիս, որ մեզ հետ համագործակցեն, որպեսզի մենք ասենք՝ որտեղ տանեն, ինչ ճանապարհով տանեն: Հետո մարդիկ կան որ տանում են, այս սեզոնին ավելի ձեռնտու կլինի, որ գյուղացիները իրենց բերքը տան վաճառողներին, ոչ թե իրենք կազմակերպեն արտահանումը, որովհետեւ իրենց դաշտերը պետք է իրենք մշակեն»,- ասաց գյուղնախարարը:





























