Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի գործարարների հետ համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես կիսում եմ մեր միջպետական հարաբերությունների մակարդակի եւ բնույթի մասին Ձեր կարծիքը։ Ուզում եմ նշել, որ չնայած տնտեսական անկայունությանը՝ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է»,- ասել է ռուս նախագահը։

Պուտինը նշել է, որ անցյալ տարի Ադրբեջանի եւ Ռուսատսանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով։ «Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանցի գործարարները օգտվում են այն իրավիճակից, որը ստեղծվել է մեր շուկայում, այդ թվում ՝ արդյունաբերական։ Ուզում եմ նշել, որ դա մեզ ուրախացնում է»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ հանդիպման ավարտին Ռուսաստանի  նախագահը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը Բաքվում Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հերթին հայտարարել է, որ երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա ու թույլ է տալիս լավատեսորեն նայել առաջ։ Ալիեւը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել խաղերի բացմանը ներկա լինելու համար։ «Մեր երկրների միջեւ  հարաբերությունները դրական են զարգանում, եւ ամեն տարի մենք նիշը ավելի բարձր ենք դնում»,- ասել է Ալիեւը։