Ռուսաստանի Մոսկվա եւ Դոնի Ռոստով քաղաքներում, այսօր՝ հունիսի 13-ին հարձակումներ են տեղի ունեցել Ուկրաինայի հյուպատոսությունների շենքերի վրա: Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ համակողմանի հետաքննություն իրականացնել:
«Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ համակողմանի հետաքննություն իրականացնել եւ խստորեն պատժել մեղավորներին, ինչպես նաեւ փոխհատուցել հասցված նյութական վնասը»,-ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում:
Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը գնահատել է որպես «գիտակցված սադրանք՝ ՈՒկրաինայի, նրա դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ եւ Ռուսաստանի կողմից 1963 թ. Վիեննայի կոնվենցիայի (հյուպատոսական հարաբերությունների մասին) դրույթների կոպիտ խախտում»:
Դոնի Ռոստովի մարզի իրավապահ մարմիններում «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը հայտնել է, որ Դոնի Ռոստովում հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ: Նրանք կոտրել են Ուկրաինայի հյուպատոսության մի քանի պատուհաններ, ձվեր ու աղբ են նետել:
Հունիսի 13-ի գիշերը նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաեւ Մոսկվայում Ուկրաինայի հյուպատոսության շենքի վրա:
Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի Խարկով քաղաքում հարձակում էր տեղի ունեցել ՌԴ հյուպատոսության շենքի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես պահանջել է հետաքննել տեղի ունեցածը եւ փոխհատուցել հասցված վնասը:





























