Ցածր եկամուտների եւ բեւեռացված բաշխվածության պայմաններում հոսանքի մոտ 7 դրամով թանկանալն ունենալու է խիստ բացասական նշանակություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գտնվում են շատ ողորմելի վիճակում, նման պայմաններում շարունակել շահագործել այդ համակարգը մեծ ռիսկերի հետ է կապված, կարող է հանգեցնել բացասական հետեւանքների: «Մենք, այլընտրանք չունենալով, բարձրացնում ենք հոսանքի գինը, ես մի կողմ եմ դնում արդյունավետ կառավարումը, փաստն այն է, որ առկա է վտանգավոր համակարգ, որը արդիականացնելու համար, թանկացնելուց բացի, այլընտրանք չկա»,-ասաց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանը նշեց նաեւ, որ առանց այդ էլ մենք գտնվում ենք դժվար իրավիճակում, եւ էներգիայի թանկացմամբ կթանկանան նաեւ բոլոր մյուս ապրանքները: Արդյոք նման պայմաններում Հայաստանում կլինի տնտեսական աճ, տնտեսագետն ասաց, որ այդ մասին ավելի լավ է չխոսել, տեսանելի ապագայում տնտեսական աճ չի լինելու, ինչքան էլ Կառավարությունը հորջորջի հակառակը, իհարկե եթե Հայաստանից բոլորը չարտագաղթեն եւ տնտեսական աճ չնկարեն:




























