NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է The Independent բրիտանական պարբերականում լույս տեսած՝ խմբագրի տեղակալ Էլիս Ջոնսի հեղինակային հոդվածի թարգմանությունը։
Ինչքա՞ն պիտի որեւէ բան վատթարանա, որպեսզի մշուշոտ, սակայն ազդեցիկ միջազգային մարզական հանրությունը ասի՝ հերի՛ք է։ Որպեսզի նա իրեն պարտված զգա եւ հրաժարվի վազել, ցատկել կամ լողալ։
Հնարավոր է, գլուխը ավազի միջից հանելու պահը գալիս է այն ժամանակ, երբ համաեվրոպական մարզական միջոցառումն ընդունող երկիրը արգելում է մի քանի եվրոպացի լրագրողների, այդ թվում՝ մեծամասշտաբ բրիտանական թերթին ու ֆրանսիական ռադիոկայանին լուսաբանել դրանք, քանի որ նրանք նախկինում քննադատություն են հնչեցրել իր հասցեին։ Հնարավոր է, մեր ականջները բացելու եւ «լյա լյա լյա, սա ընդամենը սպորտ է» երգելու վերջը տալու պահը գալիս է այն ժամանակ, երբ այդ երկրի կառավարությունն արգելում է Amnesty International-ին մեկնել իր պետության տարածք խաղերի նախօրեին։
Կամ միգուցե ոչ։ Առաջին Եվրոպական մարզական խաղերը Բաքվում հենց նոր են բացվել՝ սովորականի պես հրավառությամբ, անբացատրելի մնջախաղով եւ մարզիկների իրոք երկար շքերթով։ Գալիք 2 շաբաթների ընթացքում կլինեն ուժի եւ հնարամտության զարմանալի դրսեւորումներ։ Մարզիկները մեդալներ կշահեն, ռեկորդներ կսահմանեն։ Այս ամենը (մնջախաղից բացի) լավ կողմ է, իսկ վատ կողմը՝ արգելքները, վտարումները, կալանքները, չեն կարող անտեսվել։
Որպես Օլիմպիադային ուղեկցող արդյունք՝ Եվրոպական խաղերը պետք է հավատարմ մնան օրիգինալ խաղերի ոգուն, որտեղ մամուլի ազատությունը գլխավոր սկզբունքն է։ Դրա փոխարեն լրագրողներին մերժում են վիզա տրամադրել, նրանց ենթարկում են գրաքննադատության նախքան նրանք կկենտրոնանան մրցույթների վրա։ Ադրբեջանում ճնշումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ։ Ինչպես Մոսկվայի իշխանությունները 1980թ. Օլիմպիադայից առաջ փողոցները մաքրեցին մարմնավաճառներից եւ հարբեցողներից, այնպես էլ հիմա իշխանությունները Բաքվում զբաղված են այլախոհներին հնազանդեցնելով։
Իսկ հետո կոստյում հագած կանայք ու տղամարդիկ, ինչպես նաեւ մարզական համազգեստ հագած կանայք եւ տղամարդիկ շարունակում են պնդել, թե սպորտն ու քաղաքականությունը չեն միախառնվում։ Կարելի՞ է արդյոք բաժանել դրանք։ Ինչի՞ համար է Ադրբեջանը ընդունում այս միջոցառումը. սպորտի՞ համար, թե՞ քաղաքական պատճառներով։ Դիվանագիտական գովազդի՞, հեղինակությա՞ն, զբոսաշրջային գումարների՞, որոնք բերում են միջազգային մրցույթները։ Հիմա Ադրբեջանը պլանավորում է անցկացնել «Ֆորմուլա» մրցաշարը եւ «Եվրո-2020»-ը։ Կարծիք կա, որ Բաքուն կդիմի 2024թ. Օլիմպիական խաղերն ընդունելու համա։ Եթե այնտեղ այսօր են վիշապակերպ իշխանություններ, պատկերացրե՛ք, թե ինչ են անելու նրանք, երբ ողջ աշխարհը հանկարծ հավաքվի իրենց մոտ։
Սա բեկումնային պահ է. վազքուղու վրա, դաշտում կամ մարզական հրապարակում գեղեցիկ մրցույթները այլեւս չեն կարող կոծկել աշխարհում խոշորագույն մարզական իրադարձությունների կեղտոտ խաբեբայությունները։ Սոչիում ցուցարարներին ծեծելը, ՖԻՖԱ-ի պաշտոնյաների կողմից միլիոններ յուրացնելը, Կատարում 1200 ստրուկ միգրանտների մահը... Այս սկանդալներից յուրաքանչյուրը բեկումնային է թվում, կարծես վերջին կաթիլը լինի, բայց հետո հնչում է սուլիչը, փայլում են մեդալները, եւ սկանդալն անհետանում է, ինչպես կախարդական շիթ։ Այսպես չի կարող շարունակվել։





























