Հաջորդ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կավարտվի պատմական գործը: Այս մասին գրում է ամերիկյան «Newsweek» ամսագիրը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ում քննվող «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործը, որով որոշում կկայացվի հունիսի 16-ին:
Լոնդոնում Միդլսեքսի համալսարանի Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի (EHRAC) տնօրեն, պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը այդ գործն անվանում է «երկար ընթացող պայքար», հավելելով, որ կարող է պատմական որոշում կայացվել, որը վերաբերում է փախստականներին ողջ Եվրոպայով:
Նրա խոսքով, այդ գործում բարձրացվում են շատ կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին եւ բռնի տեղահանվածներին: «Դրական արդյունքը նշանակալի կլինի, քանի որ նախկինում Եվրոպական դատարանը առիթ չէր ունեցել քննարկել նման իրավիճակ, եւ դա փախստականներին իրավունքներ կտա ընդդեմ կառավարությունների»,-ասել է նա:
Ֆիլիպ Լիչը հավելել է, որ դրական արդյունքը կարող է հանգեցնել նման գործերի թվի ավելացման ոչ միայն տվյալ հակամարտության մասով, այլեւ նման այլ դեպքերի համար ողջ Եվրոպայում: Պրոֆեսորը նաեւ կարծում է, որ դրական արդյունքը կարող է աշխուժացնել բանակցությունները երկու երկրների միջեւ՝ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եկող շաբաթ կկայանան «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումները։
ՄԻԵԴ Գերագույն պալատը հունիսի 16-ին երկու գործերով որոշում կկայացնի։
ՄԻԵԴ-ը 2010թ. առաջին անգամ սկսել էր ուսումնասիրել հայ ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց էր ներկայացրել իր տունն ավերելու եւ իրեն բռնի կերպով դուրս հանելու կապակցությամբ։ Սարգսյանը նշել էր, որ հիմա իր տանն օտար մարդ է ապրում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, իսկ նրա այրին եւ 2 երեխաները շարունակում են հետեւել գործին։
Սարգսյանն իր հայցով մեղադրանք է ներկայացրել գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը ոտնահարելու, Ադրբեջանում հայկական գերեզմանների ոչնչացման եւ հայերին իրավական պաշտպանությունից զրկելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով հայերի դեմ խտրականություն դրսեւորելու համար։
ՄԻԵԴ-ում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը. մանրամասներ





























