Նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը փոխանցել է իրեն այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Հայտարարությունում ասվում է.
«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:
Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի:
Շանթ Հարությունյան»:
Այսօր ավելի վաղ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հետ:
Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում եւ կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:
Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:
Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի: Եւ մինչեւ հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում:
«Վարդաշեն» ՔԿՀ պետ Մ. Պողոսյանը իմ հարցին, թե արդյո՞ք երաշխավորում է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը՝ պատասխանեց, որ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է: Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն խցային ռեժիմ տեղափոխելու Շանթ Հարությունյանի դիմումը ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի երեքշաբթի օրը»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:





























