Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած կենդանիների հետ կապված միջադեպը բացատրել է կոմունիստների մեղավորությամբ: Այս մասին գրում է «Գրուզիա Online»-ը:
«Երբ կոմունիստները Վրաստան մտան եւ սկսեցին հալածել քրիստոնյաներին ու հոգեւորականներին, ինչպես նաեւ քանդեցին եկեղեցիներն ու վանքերը, հրահանգ տրվեց ցած նետել վանքերի ու տաճարների զանգերը, հալեցնել դրանք եւ այդ փողերով կենդանաբանական այգի կառուցել: Այնպես որ՝ այդ այգին կառուցվել է վանքերի ու տաճարների զանգերի հաշվին, այդ պատճառով էլ կենդանաբանական այգին չի կարող գոյություն ունենալ: Հարկավոր է փակել այն եւ այլ վայրում ուրիշ այգի կառուցել, քանի որ սա կառուցված է մեղքի վրա»,- քարոզի ընթացքում հայտարարել է Իլյա Երկրորդը:
Պատրիարքը նաեւ հավելել է, որ զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել եւ մոմեր են վառվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարներին հաջողվել է փրկել ջրհեղեղի ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգում գտնվող կենդանիների միայն մի մասին:





























