Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Հանրապետության հրապարակում «Մարդը կարիքի մեջ» եւ «Նեսեհնուտի» մարդասիրական-իրավապաշտպան կազմակերպությունները օրերս կազմակերպել էին «Ռեպրեսիաների ալիքի վրա. պատմություններ Ադրբեջանի քաղբանտարկյալներից» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, բողոքի ակցիա եւ մարզական բեմականացումներ, որի ընթացքում մասնակիցները մարմնավորել են ադրբեջանցի իրավապաշտպանների, ոստիկանությանը եւ երկրի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւին:
Բողոքի ցույցն անցկացվել է «Սպորտը մարդու իրավունքներից բարձր չէ» կարգախոսի ներքո:
Այս ձեռնարկի միջոցով կազմակերպիչները մատնանշել են Ադրբեջանում մարդու Իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերը: Միջոցառումն անցկացվել է «Սպորտն իրավունքների համար» կոալիցիայի գործողությունների շրջանակներում, համանման ակցիաներ են կազմակերպվել նաեւ Բարսելոնայում, Բեռլինում, Ժնեւում, Օսլոյում, Թբիլիսիում, Վարշավայում եւ այլ քաղաքներում:
Միջոցառման մասնակիցները բաց նամակ են հղել Չեխիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որում նշել են, որ Ալիեւի վարչակազմը Եվրոպական խաղերի միջոցով փորձում է լեգիտիմ դարձնել բռնություններն ու ռեպրեսիաները եւ կոչ արել չնպաստել իբրեւ առանց մարդու իրավունքների խնդիրների պետության՝ Ադրբեջանի իմիջի կայացմանը:





























