Երեւանի Նուբարաշեն թաղամասում անցած տարվա հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Այժմ նախաքննական մարմինը փորձում է պարզել՝ արդյոք տուժողի մարմնի վրա առկա վնասվածքները համապատասխանում են իր հագուստի վրայի հետքերի հետ, թե ոչ: Չի բացառվում, որ տուժողը հագուստ փոխած լինի կամ այլ հագուստ տրամադրած լինի նախաքննական մարմնին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նախաքննության ավարտի մասին դեռեւս վաղ է խոսելը:
Հիշեցնենք, որ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, մոտ 9 ամիս գտնվում էր հետախուզման մեջ: Մարտի 21-ին նա ներկայացել էր ոստիկանություն, երբ փոխվել էր խափանման միջոցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:





























