Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել  Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառները։

«Պետք է իհարկե ավելի խորը անալիզ անցկացնել։ Ես արդեն երեկ հրամայել եմ շտապ կերպով սկսել դրանց պատճառների ուսումնասիրությունը»,- հայտարարել է նա «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում։

Նա չի բացառել, որ Հերոսների հրապարակից Վաքե Սաբուրթալին տանող ավտոմայրուղին սխալ հաշվարկով է կառուցվել, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Նոր ճանապարհի մի մասը, որի տակով հոսում էր Վերե գետը, հունիսի 14-ի գիշերը տեղատարափ անձրեւների հետեւանքով փլուզվել էր Թբիլիսիի կենդանաբանական այգու մոտ։ Վարարած գետը հեղեղել էր ոչ միայն կենդանաբանական այգին, այլ նաեւ մի շարք տներ։ Հեղեղվել են Թբիլիսիի կենտրոնական փողոցները, վնասվել ենթակառուցվածքները։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ զոհվել է 12-15 մարդ, որոնց թվում՝ 2 հայ։ Եվս 37 մարդ վիրավորվել է։ Ավելի քան  20 մարդ անհետ կորած է համարվում։