Արդեն երկու տարի Թբիլիսիում բնակվող բրիտանացի Ադրիան Սքոֆհեմը, որն այնտեղ գլխավորում է PR & Marketing միջազգային գործակալությունը, Tbilisi Hippo Fund անվանումով բարեգործական հիմնադրամ է բացել, որը կօգնի Թբիլիսիում ջրհեղեղից տուժած մարդկանց ու կենդանիներին:

«Ես մտածեցի շապիկներ ու բամբակե պայուսակներ ստեղծել, որոնք գնելով մարդիկ կարող են իրենց նվիրատվությունն անել: Ստացված միջոցների 50 տոկոսը կուղղվի մարդկանց օգնելուն, իսկ մյուս 50 տոկոսը՝ ջրի տակ մնացած կենդանաբանական այգու կենդանիներին օգնելուն»,-գրել է Սքոֆհեմը Facebook-ի իր էջում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նվիրատվությունների համար բանկային հաշիվը բացվել է այսօր՝ հունիսի 15-ին, որից հետո նախատեսվում է բարեգործական արտադրանքի առաջին խմբաքանակի արտադրությունը:

Նշենք, որ ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել:  Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:

Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։