Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու կարիք չկա, եւ դա ապացուցված է։ Այս մասին հունիսի 15-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի խորհրդարանում լսումներն ապացուցեցին, որ սակագինը բարձրացնելու բացարձակ ոչ մի անհրաժեշտություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը, ում խոսքն ընդհատեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ «Պարո՛ն Փաշինյան, չեմ ուզում անքաղաքավարի լինել, բայց ստիպված եմ Ձեզ ընդհատել։ Հարցը դրված չէ նիստի օրակարգում»,- հայտարարեց խոսնակը։ «Այո, դրված չէ, սակայն մեր քաղաքացիների օրակարգում դա կարեւորագույն հարցն է հիմա...»,- հասցրեց ասել Փաշինյանը, նախքան նրա խոսափողը անջատելը։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։




























