Վրաստանում փրկարարները կենդանաբանական այգու տարածքում ողջ մնացած կոկորդիլոս են հայտնաբերել։ Կենդանին մնացել էր պոկված ծառերի եւ ավերակների տակ եւ փրկվել։ Վրաստանի Ազգային գվարդիայի փրկարարներին հաջողվել է դուրս բերել կենդանուն, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Կոկորդիլոսին արդեն տեղավորել են ակվարիումի մեջ։ Այգու տարածքում մաքրման աշխատանքներ են տարվում։

Նշենք, որ ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել:  Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:

Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց: