Թբիլիսիում կործանարար ջրհեղեղի հետեւանքով անհետ կորածների թիվը կրճատվել է՝ հասնելով 10-ի, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նշվել էր 24 անհետ կորածների մասին:
«Բարեբախտաբար, մայրաքաղաքի 14 բնակիչներ հայտնվել են ողջ-առողջ»,-հայտնել է գերատեսչության աշխատակիցը: Վերջին տվյալներով զոհերի թիվը եւս ճշտվել է՝ 12:
Նշենք, որ հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:





























