Եթե Հայաստանի կառավարությունը հայտարարում է արդյունաբերական նոու-հաուի մասին, թող ապացուցի, որ այն իրոք գոյություն ունի։ Այս մասին հունիսի 15-ին՝ ԱԺ-ում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների վերամշակման մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Այդ տեխնոլոգիան պետք է հիմնված լինի թանկարժեք հայտնագործությունների վրա, որպիսիք աշխարհում դեռ չկան։ Իսկ եթե Հայաստանում նման գյուտարար կա, այդ մասին պետք է ողջ աշխարհը իմանա։ Սակայն նրանց, չգիտես ինչու, ոչ ոք չի ճանաչում»,- նշեց Փոստանջյանը։
Կառավարության հետ ձեռք բերած համաձայնագրով «Ալյոտիգ» ՍՊԸ-ն պատրաստվում է մետաղի թափոնները հավաքել իսկ դրանց մշակումից ոչ մետաղական ապրանք ստանալ, այդ թվում՝ կոմպոզիտային ապրանքներ, որոնցից՝ հակակարկտային ցանցեր։
«Ալյոտիգ» մասնավոր ՍՊԸ –ի հետ ներդրումների մասին համաձայնագիրը արձանագրվել էր 2014թ. հոկտեմբերի 16-ի հուշագրում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոններն արդեն հասնում են 300 մլն տոննայի եւ տարեկան աճում են 18-20 մլն տոննայով։ Դրանք ինչ-որ կերպ գործածելու համար ներդնողը կկառուցի 12.5 մլն տոննա վերամշակման հզորությամբ գործարան։ Պլանավորվում է նաեւ ստեղծել տարեկան 10 հազար տոննա ոչ մետաղական թափոններ վերամշակող գործարան։




























