ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ Երեւանի բնակչուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մեկ այլ բուհ-ի ֆիզիկայի ամբիոնի դասախոսը, տեղեկանալով իր որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու Երեւանի բնակչուհու ցանկության եւ դրա համար կաշառք տալու պատրաստակամության մասին, խոստացել է օժանդակել դրան։ 

Դասախոսն այդ մասին տեղեկացրել է իր ծանոթներից մեկին։ Վերջինս,  նախնական համաձայնության գալով մեկ այլ քաղացու հետ, նրան  հավաստիացրել են, թե կարող են նպաստել տիկնոջ որդու ընդունելությանը եւ գումար պահանջել  պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառք տալու համար։

Քննության տվյալներով՝ կինը միջնորդ հանդիսացած դասախոսին տվել է 15.500 ԱՄՆ դոլար, ով 2000 ԱՄՆ դոլարը վերցրել է որպես միջնորդավճար, իսկ մնացած 13.500 ԱՄՆ դոլարը՝ փոխանցել տղայի ընդունելությունը կազմակերպել խոստացած անձանց:

Ընդունելության քննությունների ավարտից հետո գիտակցելով, որ խաբվել է՝  կինը պահանջել է վերադարձնել գումարը, ինչը տարբեր պատճառաբանություններով եւ կեղծ խոստումներ տալով ձգձգվել է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, կնոջը՝ քրեական օրենսգրքի 34-312 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ դասախոսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: